
Եվրամիությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրականացնելու կապակցությամբ և բարձր գնահատել քաղաքացիական ակտիվության բարձր մակարդակը։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՄ անունից բարձր ներկայացուցիչ Կալա Կալլասի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին, գրում է Factor.am-ը:
ԵՄ-ն նաև կոչ է արել բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական գնահատականների համաձայն՝ թեև նախընտրական արշավը եղել է խիստ բևեռացված, ընտրությունները կազմակերպվել են ներառական եղանակով, ընտրողներին ներկայացվել են հստակ քաղաքական ընտրանքներ, իսկ ամբողջ գործընթացն իրականացվել է լավ կազմակերպված կերպով և ամուր իրավական հիմքի ներքո։
«Ընտրարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշման և անընդհատ հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցառումների միջոցով, որոնք նպատակ ունեին խաթարել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում։ Այնուամենայնիվ, ընտրությունները արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայնությունը և առաջընթացը բարեփոխումների ճանապարհին։ Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ և բարգավաճ ապագայի ձգտմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն նաև ուշադրության է արժանացրել Հայաստանի ընտրական մարմինների հրապարակած նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի հստակ առավելություն։
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտագործել իրավական մեխանիզմները՝ ընտրական ցանկացած բողոք քննարկելու համար»,- ընդգծվում է հայտարարությունում։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Եվրամիությունը շարունակում է ամուր աջակցություն ցուցաբերել Հայաստանին և նրա քաղաքացիներին՝ հավատարիմ մնալով երկրի ժողովրդավարական զարգացմանն աջակցելու և երկկողմ գործընկերությունն առավել խորացնելու իր հանձնառությանը։
«Մենք անհամբեր սպասում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու նրանց համապարփակ բարեփոխումների օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը և կապակցվածությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, դիմադրողականությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը»,- ասվում է ԵՄ հայտարարությունում։
Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։