9 հունիսի 2026 - 12:14 AMT
Մելիքյան․ Վստահ եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք

Ֆուտբոլի ազգային հավաքականում փոփոխություններ ենք արել, դաշտում նորեկներ կլինեն, հայտարրել է գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 8-ին կայանալիք Հայաստանի և Մոլդովայի ազգային հավաքականների ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում:

«Վստահ եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Մելիքյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ նախորդ հանդիպումից հետո թիմում առկա է որոշ հոգնածություն, սակայն ֆուտբոլիստների տրամադրվածությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։

«Փոփոխություններ ենք արել, դաշտում նորեկներ կտեսնեք, որոնք առաջին անգամ են մեկնարկային կազմում լինելու։ Հասկանում եմ, որ մեզ հաղթանակ է պետք, բայց մենք ունենք ուղղություն, նպատակներ, իսկ երբ մենք մտածենք միայն հաղթանակի մասին և չփորձարկենք, ճիշտ չի լինի։ Ես էլ եմ ուզում, որ մենք հաղթենք, բայց ինձ համար առաջնահերթը շատ բան հասկանալն է այս ընկերական խաղերում։ Գնացել եմ նման ռիսկերի, եթե արդարացվի, մեզ մոտ ավելի լավ կլինի աշունը, իսկ եթե չարդարացվի, փոփոխության և մտածելու ժամանակ ունենք»,-ասել է նա:

Գլխավոր մարզիչը նաև անդրադարձել է իր աշխատանքի վերաբերյալ գնահատականներին։

«Ինձ պետք չէ ներել: Ես լավ գիտեմ իմ գործը և տեղը: Այն դիրքում չեմ լինի, որ թույլ տամ ինձ ներեն կամ չներեն: Ինձ կարող են հավատալ կամ չհավատալ. եթե հավատում են՝ կաշխատեմ, եթե չեն հավատում՝ մեկ օր չեմ մնա։ Ես գործ կորցնելուց չեմ վախենում»,-նշել է նա:

Ասուլիսին մասնակցած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը նշել է, որ գտնվում է լավ մարզավիճակում և լիովին պատրաստ է առաջիկա հանդիպմանը։

«Թիմը լավ պատրաստվել է, գիտենք՝ դաշտում ինչ պետք է անենք։ Ամեն ինչ անելու ենք ուրախացնելու մեր երկրապագուներին հաղթանակով»,-ասել է նա:

Ֆուտբոլիստի խոսքով՝ Մոլդովայի հավաքականը բավականին ուժեղ մրցակից է, և թիմն ուսումնասիրել է նրա առավելություններն ու թերությունները։

«Օգտագործելով մեր ուժեղ կողմերը՝ փորձելու ենք հասնել դրական արդյունքի»,-ասել է նա: