9 հունիսի 2026 - 12:17 AMT
Կվերահաշվարկվեն քվեաթերթիկները․ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն կեսօրին

Հունիսի 9-ին ժամը 12:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նիստեր կանցկացնեն՝ վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ ներկայացված դիմումները քննարկելու, ինչպես նաև վերահաշվարկ կազմակերպելու նպատակով վիճակահանություններ անցկացնելու օրակարգով։

Նիստերը կհեռարձակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ «ԸԸՀ նիստեր» բաժնում։

Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ վերահաշվարկի գործընթացը պետք է սկսվի հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ից։

Վերահաշվարկի աշխատանքները կկատարվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում և ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինեն ԿԸՀ կայքում։

Նիստերը բաց են այն բոլոր անձանց համար, որոնք իրավունք ունեն մասնակցելու ԸԸՀ նիստերին։ Ներկա գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան իրավունքը հավաստող վկայական, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ։

Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։