9 հունիսի 2026 - 14:54 AMT
ՀՀ-ում ջրծաղիկի դեպքերը զգալիորեն նվազել են

Հայաստանում ջրծաղիկի հիվանդացությունը շարունակում է նվազման միտում ցուցաբերել։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է հիվանդության 4550 դեպք, ինչը մոտ 2.2 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այդ մասին հյտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։

Նա նշել է, որ 2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել էր ջրծաղիկի 10,210 դեպք, մինչդեռ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 4550 դեպք, հայտնում է Արմենպրեսը:

Նվազում է արձանագրվել նաև Երևանում։ Եթե 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին մայրաքաղաքում գրանցվել էր 5424 դեպք, ապա 2026 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2039, ինչը մոտ 2.7 անգամ ավելի քիչ է։

Մասնագետի գնահատմամբ՝ հիվանդացության անկումը պայմանավորված է ինչպես ջրծաղիկի պարբերական բնույթով, այնպես էլ հիվանդության դեմ պատվաստումների ներդրմամբ, որը Հայաստանում մեկնարկել է 2025 թվականի հունվարից։

Համաճարակաբանական տվյալները ցույց են տվել, որ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցված 4550 դեպքերից 4130-ը կամ 90.8 տոկոսը բաժին է ընկել 0-18 տարեկան երեխաներին, իսկ 420 դեպքը կամ 9.2 տոկոսը՝ 18 տարեկանից բարձր անձանց։ Ամենամեծ մասնաբաժինը կազմել են 3-6 և 7-17 տարեկան երեխաները, ինչի հետևանքով հիվանդության դեպքեր հաճախ արձանագրվել են մանկապարտեզներում և դպրոցներում։

Վարակի տարածումը սահմանափակելու նպատակով կազմակերպված կոլեկտիվներում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ՝ կոնտակտավորների ամենօրյա բժշկական հսկողություն, նոր դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելմանն ուղղված այլ գործողություններ։

Մասնագետները նշել են, որ հիվանդացության ռիսկն առավել բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ պայմանավորված բնակչության խտությամբ և ակտիվ սոցիալական շփումներով։ Այդ տեսանկյունից Երևանը շարունակել է մնալ առավել խոցելի բնակավայրերից մեկը։

Բազմամյա դիտարկումները նաև ցույց են տվել, որ ջրծաղիկն ունի արտահայտված սեզոնայնություն․ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները սովորաբար արձանագրվում են նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, մինչդեռ ամռան ամիսներին նկատվում է նվազման միտում։ Այս հանգամանքը հիմք է տվել կանխատեսելու, որ առաջիկա ամիսներին հիվանդացության մակարդակը կշարունակի նվազել։

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին՝ Սվետլանա Գրիգորյանը կարևորել է պատվաստումների նշանակությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումները նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի այն անձանց համար, որոնք նախկինում չեն հիվանդացել ջրծաղիկով։ Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով՝ առնվազն չորս շաբաթ ընդմիջմամբ։

Պատվաստումները հասանելի են առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում, առողջության կենտրոններում և ամբուլատորիաներում։ Նախատեսվում է, որ 2027 թվականից պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի նաև ջրծաղիկի դեմ երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկան երեխաների համար։