
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ ընտրություններում ԲՀԿ ստացած քվեների վերահաշվարկից հետո, որից պարզ կդառնա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհաղթահարի՞ խորհրդարան անցնելու շեմը, թե ոչ: Այդ մասին ֆեյսբուքյան եթերում ասել է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը` հավելելով, որ դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ:
Ըստ նրա, վերահաշվարկի արդյունքում արդեն պարզ կդառնա՝ ընդդիմությունն Ազգային ժողովը կունենա՞ գործիքակազմ դեմ կանգնելու կարևոր նախագծերին, թե ոչ։
Կարապետյանը նշել է, որ այդ հարցը կարևոր է, քանի որ դա կարող է ազդեցություն ունենալ գլխավոր դատախազի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման գործընթացների վրա, ուժեղացնել վերահսկողական գործառույթները իշխանության նկատմամբ։
«ԲՀԿ-ի տարբերակին ենք սպասում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անել, որ դատարանի նախագահների նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է, և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, տեսանք որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ»,- ընդգծել է նա:
Կարապետյանն անդրադարձել է նաև իշխանափոխության հնարավոր մեխանիզմներին՝ նշելով, որ տեսնում է երկու ճանապարհ՝ ընտրական գործընթացը և սահմանադրական ընթացակարգերին համապատասխան փողոցային պայքարը։
«Փողոցային պայքարի արդյունքում պետք է Ազգային ժողովը, Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,- ասել է նա:
Հունիսի 8-ին ԲՀԿ-ն հայտարարել է վերահաշվարկ պահանջելու մտադրության մասին և չի բացառել ընտրությունների արդյունքների բողոքարկումը։ Միայն 4 ընտրատեղամասում վերահաշվարկից հետո, պարզվել է, որ 120 ձայն քիչ է հաշվարկվել։