9 հունիսի 2026 - 15:51 AMT
555 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ստացել են ընդհանուր առմամբ 30 դիմում՝ ներկայացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց ու թեկնածուների կողմից։

Հաղորդագրության համաձայն՝ ներկայացվել են 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու պահանջներ, հայտնում է Factor.am-ը:

«ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու»,- նշված է հաղորդագրությունում։

ԿԸՀ-ի տվյալներով՝ հանրապետությունում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21-ը վերահաշվարկ անցկացնելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։

Նշվել է նաև, որ վերահաշվարկի գործընթացը կազմակերպվում է ԸԸՀ-ների նստավայրերում, ուղիղ հեռարձակմամբ, և բաց է այն անձանց համար, որոնք իրավունք ունեն ներկա գտնվելու այդ նիստերին։ Նրանց թվում են հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները, դիտորդական առաքելությունների անդամները, ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք, թեկնածուները և լիազորները՝ ԿԸՀ-ի կողմից տրամադրված վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հայտնել է, որ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ չեն ստացել։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։