
Ընտրակաշառք տվողներն ու վերցնողները պետք է մինչև հաջորդ ընտրությունները մնան բանտում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում:
Նրա խոսքով՝ ընտրակաշառքի դեմ պայքարը երկրի և ժողովրդավարական համակարգի անվտանգության ապահովման կարևոր հարցերից է։, հայտնում է Aysor.am-ը:
«Ես ուզում եմ մտահոգությունս հայտնել հետևյալի հետ կապված, որ Հայաստանում ընդհանրապես կան հանցագործությունների տեսակներ, որոնց նկատմամբ ինչ-որ այդպիսի հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված։ Մի ուղղությունը ընտանեկան բռնությունների հետ կապված ուղղությունն է, մյուս ուղղությունը՝ ընտրակաշառքների հետ կապված ուղղությունը, որովհետև ընտրություններն անցնում են, արդեն ասում ենք՝ «դե լավ, դե անցան ընտրությունները», հետևաբար ընտրակաշառք տվողները և ստացողները կարող են գնալ իրենց գործերին: Կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Նա հավելել է, որ եթե սրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական, ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է հիմա՝ անհապաղ ձևով անել:
«Բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք են փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետք է լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է, և պետք չէ հետո խղճահարության տեսարաններ սարքել։
Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են, և եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովուրդը և նրա ազատ կամքը ու նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։