9 հունիսի 2026 - 16:15 AMT
ՆԳՆ-ն կսկսի մեքենայի ներսում արձանագրել հեռախոսի օգտագործման խախտումը

ՆԳՆ-ն առաջիկայում կսկսի նաև տրանսպորտային միջոցի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսի կիրառումը: Այդ մասին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ընթացքում:

Նա նշել է, որ վարելիս հեռախոսով խոսելը, առավել ևս հաղորդագրություններ գրելը, լուրջ վտանգ է ներկայացնում և այլ խախտումների, օրինակ՝ արագության գերազանցման հետ համակցվելով, կարող է հանգեցնել ծանր հետևանքների, հայտնում է Factor.am-ը:

«Սա ևս անվտանգային մշակույթի հարց է: Ունենք համապատասխան տեխնիկապես հագեցված պարեկային տրանսպորտային միջոց, որը կգործարկենք այս տարի, որը 360 աստիճան նկարահանելու է տրանսպորտային միջոցները: Անցած տարի մոտ 40,000 հեռախոս օգտագործելու դեպք ենք ունեցել, այս տարի արդեն՝ 19,000: Բայց մենք այս դեպքերը կունենանք, եթե մարդկանց մոտ չձևավորենք համապատասխան անվտանգային մշակույթ»,-ասել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ նոր տեխնիկական հնարավորություններով հագեցած պարեկային մեքենաները կկարողանան ամբողջական դիտարկում իրականացնել և արձանագրել վարորդների կողմից մեքենան վարելիս հեռախոս օգտագործելու դեպքերը։ Նա նաև ընդգծել է, որ խնդրի երկարաժամկետ լուծումը միայն վերահսկողությունը չէ, այլ ճանապարհային անվտանգության մշակույթի ձևավորումը։

Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ 2026 թվականին քարսիթ չունենալու դեպքերի առնչությամբ կազմվել է մոտ 5500 վարչական արձանագրություն, հայտնում է 1lurer.am-ը:

«Անցած տարվա համեմատությամբ մենք կրկնակի ավելի ենք կազմել: Այսինքն՝ վարչարարությունը խստացվել է: Բայց պետք է կրկնեմ. սա այն իրավախախտումն է, որը մարդու գիտակցության մեջ պետք է տպվի, որ դա իր կյանքի կամ ամենամտերիմ, հարազատ երեխայի կյանքի ու առողջության հետ կապ ունի»,- ասել է նա։