9 հունիսի 2026 - 16:25 AMT
Առաջարկ․ Խստացնել օտարերկրացիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

Առաջիկա ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարությունը կներկայացնի օրինագիծ, որով նախատեսվում է խստացնել օտարերկրացիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։ Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը ներկայում գործող պահանջները բավարար չափով խիստ չի համարում։ Մասնավորապես, գործող կարգավորումներով ՀՀ քաղաքացիություն հնարավոր է ստանալ երկրում մշտական բնակության սահմանված ժամանակահատվածն ապահովելուց հետո, հայտնում է Sputnik Արմենիան:

Միաժամանակ, Ղազարյանը նշել է, որ այս հարցի շուրջ առկա են նաև այլ տեսակետներ։ Նրա խոսքով՝ գործարար շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես են գալիս ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների բնակության պայմանների պարզեցման օգտին՝ նպատակ ունենալով ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների։

Այնուամենայնիվ, ՆԳՆ-ն շարունակում է պնդել, որ քաղաքացիության չափազանց հեշտ հասանելի ընթացակարգը կարող է նվազեցնել քաղաքացիության ինստիտուտի արժեքն ու դրա նկատմամբ հանրային հարգանքը։

Գործող օրենսդրության համաձայն՝ ոչ հայկական ծագում ունեցող օտարերկրացիները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե վերջին երեք տարիներին մշտապես բնակվել են Հայաստանում։ Նման իրավունք ունեն նաև այն անձինք, որոնք առնվազն երկու տարի ամուսնացած են եղել ՀՀ քաղաքացու հետ և երկրում մշտապես բնակվել են առնվազն մեկ տարի։

Ներկայում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող օտարերկրյա մասնագետների համար բնակության թույլտվության առանձին կարգավորում նախատեսված չէ։ Բնակության թույլտվություն ստանալու նպատակով նրանք, ինչպես մյուս ոլորտների աշխատակիցները, պետք է ներկայացնեն հայաստանյան գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիր։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրների քաղաքացիների համար գործում է զբաղվածության և բնակության ավելի պարզեցված կարգ։

Ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու մեխանիզմ Հայաստանում պաշտոնապես չի կիրառվում։

2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել 25670 օտարերկրյա քաղաքացի, հիմնականում ՌԴ-ից, նաև Վրաստանից ու Իրանից: