9 հունիսի 2026 - 16:32 AMT
Թուրքիան հուսով է, որ ՀՀ-ն «ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Պաշտոնական Անկարան հույս է հայտնել, որ «հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ», գրում է «Ազատությունը․:

«Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը, ինչպես դա արել է մինչ օրս, հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա», - ասված է հայտարարությունում։

Արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։