9 հունիսի 2026 - 16:54 AMT
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է 1lurer.am-ը:

«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- հավելեցին դատախազությունից:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 9-ին մեկնելու էր «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ «խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով»:

«Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը»։ Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։

Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»,- գրել է Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի լույս 8-ի գիշերը ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է, որ իր առաջնահերթությունները չեն փոխվել՝ « ընդդիմության լիդերները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն»:

«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը;