
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից արձանագրված անճշտությունները կուղղվեն և կարտացոլվեն ինչպես հրապարակվելիք քաղվածքներում, այնպես էլ հունիսի 14-ին ներկայացվելիք ընտրությունների վերջնական արդյունքներում։ Այդ մասին հայտնել է ԿԸՀ-ի խոսնակը, գրում է «Ազատությունը»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 8-ին հայտարարել էր, որ մի շարք ընտրատեղամասերում հայտնաբերել է ձայների հաշվարկի հետ կապված անճշտություններ։ Կուսակցության տվյալներով՝ միայն չորս ընտրատեղամասերում ԿԸՀ-ն չի հաշվարկել 120 ձայն։
ԲՀԿ-ն վերահաշվարկի պահանջ է ներկայացրել նաև մի շարք ընտրատեղամասերի համար, այդ թվում՝ թիվ 27/7 տեղամասում, որտեղ, կուսակցության պնդմամբ, ստացած 77 ձայներից 76-ը չի հաշվարկվել։
Թե արդյոք Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը կհաղթահարի խորհրդարան անցնելու համար սահմանված 4-տոկոսանոց շեմը, պարզ կդառնա հունիսի 14-ին՝ վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Նախնական տվյալներով ԲՀԿ-ն ստացել է 3.996 տոկոս ձայն։
Վերահաշվարկ իրականացնելու պահանջով, ԲՀԿ-ից բացի, դիմել են նաև ընտրություններին մասնակցած «Միասնության թևեր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։
Ըստ ԿԸՀ-ի՝ վերահաշվարկի գործընթացը կավարտվի հունիսի 12-ին:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։