
«Պռեգոմեշ» ապրանքանիշի և խանութի հիմնադիր, երգչուհի Սիրուշոն տեղեկացրել էր, որ իրենց պահանջել են մինչև հունիսի 11-ը խանութի ցուցափեղկից հեռացնել «Էջմիածին» անվանումով խաչը։ Նա «Ինստագրամի» «սթորի» բաժնում հրապարակել էր աշխատակցի հետ զրույց, որտեղ ներկայացվում էր քաղաքապետարանի պահանջը։
Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը պարզաբանել է, որ Երևանի Աբովյան փողոցում գործող «Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկում տեղադրված ձևավորումը համարվում է ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ և ենթակա է ապամոնտաժման, հայտնում է Sputnik Արմենիան:

Առաքելյանի խոսքով՝ Երևանում արտաքին գովազդի տեղադրման չափորոշիչները հստակ սահմանված են, և դրա համար գործում է համապատասխան թույլտվության ընթացակարգ։
«Այս տնտեսվարողն իր խանութի ճակատային հատվածում ունի «Պռեգոմեշ» հայերեն և անգլերեն գրվածքով գովազդի տեղադրման թույլտվություն, իսկ ցուցափեղկում որևէ արտաքին գովազդի տեղադրման դիմում չենք ստացել, հետևաբար նման թույլտվություն տնտեսվարողը չունի։ Տնտեսվարողը տեղադրել է ինքնակամ արտաքին գովազդ։ Վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից տնտեսվարողին տեղեկացվել է խնդրի մասին։ Ինքնակամ տեղադրված գովազդը ապամոնտաժելու համար տրվել է ժամանակ»,– ասել է Առաքելյանը։
Նրա խոսքով՝ ապամոնտաժման ենթակա է ոչ միայն խաչը, այլ նաև դրա հարակից ձևավորումը և ներքևում տեղադրված «Պռեգոմեշ» գրությունը։
Առաքելյանը նշել է, որ անհրաժեշտ է հեռացնել ցուցափեղկում ինքնակամ տեղադրված գովազդը, ներկայացնել նոր էսքիզ կամ ուրվանկար, ստանալ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն և միայն դրանից հետո իրականացնել տեղադրումը։
Նրա փոխանցմամբ՝ ցուցափեղկում արտաքին գովազդ տեղադրելու մի քանի տարբերակ կա։
«Կարող են ներսի կողմից լուսային տուփ կախել, որը չպետք է գերազանցի ցուցափեղկի 70 %–ը, փեղկի յուրաքանչյուր կողմից առնվազն 30 սմ հեռավորություն պետք է լինի, կարող են ծավալային տառերով առանձին լուծումով էլի արտաքին գովազդի ուրվանկարներ ներկայացնել և այլն»,–ասել է նա։
Արմեն Առաքելյանը նաև ընդգծել է, որ տնտեսվարողը ծանոթ է գործող ընթացակարգերին, քանի որ նախկինում արդեն դիմել և ստացել է արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն։