
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը հասել է եզրափակիչ փուլերից մեկին։ Այդ մասին հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ ներկայացնելով առաջիկա քայլերը, հայտնում է Factor.am-ը:
Նրա խոսքով՝ կառավարությունը մայիսի 25-ից համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ աշխատում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծի վրա։
«Մայիսի 25-ից սկսած արդեն կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով աշխատում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի մեկնարկային կառավարության որոշման նախագծի վրա»,-ասել է նա:
Պետրոսյանի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթների ընթացքում կառավարությունը նախատեսում է որոշմամբ հաստատել հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը, որտեղ կսահմանվեն պետականացմանն ուղղված հետագա բոլոր փուլերն ու ընթացակարգերը։
Նրա ներկայացմամբ՝ գործընթացը կներառի մի քանի փուլ։ Նախ՝ լիցենզավորված ռեզիդենտ կազմակերպությունը պետք է իրականացնի ընկերության և դրա բաժնետոմսերի գնահատում։
«Սահմանված կլինեն ընթացակարգերը, որով պետք է ռեզիդենտ ընկերության լիցենզավորված անձի կողմից գնահատվի ընկերությունը, ընկերության բաժնետոմսերը։ Գնահատումից հետո արդեն օրենքով սահմանված ընթացակարգերով գնահատված արժեքի և 15 տոկոս հավելյալ գնով փոխհատուցում տեղի կունենա սեփականատերերին»,-ասել է նա:
Պետրոսյանի խոսքով՝ գործընթացի ավարտին ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը պետական գրանցմամբ կանցնեն Հայաստանի Հանրապետության սեփականությանը։
Այնուհետև կառավարությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաշխման լիցենզիան վերականգնելու կամ նոր լիցենզիա ստանալու նպատակով։
Նա նշել է, որ այս տարբերակին անցնելու պատճառը սեփականատերերի՝ Կարապետյանների կողմից պետության առաջարկը չընդունելն է։ Ըստ ներկայացված տվյալների՝ պետությունը առաջարկել էր 23.3 միլիարդ դրամ՝ պայմանով, որ վերադարձվեն վերջին տարիներին վճարված 23 մլրդ 158 մլն դրամ շահաբաժինները, ինչի արդյունքում փաստացի վճարման ենթակա գումարը կկազմեր մոտ 380 հազար դոլար։
Պետրոսյանը հիշեցրել է, որ մայիսի 25-ին լրացել էր վարչական դատարանի սահմանած ժամկետը, որի ընթացքում սեփականատերը պետք է պատասխաներ առաջարկին և իրականացվեր բաժնետոմսերի օտարման գործարքը։
«Բայց քանի որ գործարք տեղի չունեցավ և սեփականատիրոջ կողմից նախաձեռնողականություն որպես այդպիսին չդիտվեց, թեպետ որոշակի գրագրություն կա, կարող եմ ձեզ ասել, որը հանրությանը հայտնի չէ, բայց արձանագրենք, որ գործարք տեղի չունեցավ»,- պարզաբանել է Պետրոսյանը։
ՀՀ կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց: Կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այդ չափը անընդունելի էր համարել, և մայիսի 25-ին ՀՀ կառավարության հետ բանակցությունները չեն կայացել։