10 հունիսի 2026 - 10:26 AMT
«Ուժեղ Հայաստան»․ Չենք վատնելու այն վստահությունը, որը տրվել է մեզ

«Ուժեղ Հայաստանը» պատասխանատու քաղաքական ուժ է և ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների վստահությունն ու երկրի առաջնային շահը, հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով մանդատները վերցնելու կամ չվերցնելու քննարկումներին:

«Չենք վատնելու այն վստահությունը, որը տրվել է մեզ»,-ասել է նա ֆեյսբուքյան տեսաուղերձում:

Նա նշել է, որ ընտրություններն ընթացել են «տոտալ խախտումներով», քվեարկության օրը ևս արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ։

«Արդեն իսկ վերստուգման արդյունքներով, սեփական հաշվարկներով, պարզ է դառնում, որ «Ուժեղ Հայաստանի» ձայները տրվել են մերձիշխանական սատելիտ ուժերին։ Որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու դիմումներ էլ ենք ներկայացրել»,-հայտնել է Ղահրամանյանը:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։