
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այդ լուրը հաստատել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Քարտեզում կարմիր գույնով նշվել է Բաղանիս և Ոսկեպար գյուղերի հարևանությամբ սահմանազատման արդյունքում կառուցված ցանկապատը, իսկ նարնջագույնով՝ մի քանի հարյուր մետր երկարությամբ այն հատվածը, որտեղ ցանկապատը դեռ չի կառուցվել։ Մուգ շագանակագույնով նշվել է այն տարածքը, որը վերահսկվել է ՀՀ զինված ուժերի կողմից և հետագայում հանձնվել է Ադրբեջանին։ Բաց շագանակագույնով ներկայացվել է «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ դիրքերի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միջև գտնվող հատվածը, որը սահմանազատումից հետո ևս ամբողջությամբ անցել է Ադրբեջանին։

Թե ինչու 2024 թվականին մեկնարկած սահմանազատումից և սահմանագծումից հետո սահմանային ցանկապատը մինչև այժմ ավարտուն տեսքի չի բերվել, ԱԱԾ-ից չեն մեկնաբանել։
Ավելի վաղ հայտարարվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։