10 հունիսի 2026 - 10:54 AMT
Փաշինյան․ Շատ եմ կարևորում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունն ի վերջո սկսենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման ծրագրի հետագա քայլերը։ Վարչապետը նշել է, որ կարևոր է հնարավորինս արագ անցնել նախագծի իրականացման փուլին, հայտնում է Արմենպրեսը:

«Շատ կարևոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը ի վերջո սկսենք։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա»,- ասել է Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ ծրագրի նախապատրաստման փուլը բավական երկար է տևել, քանի որ Հայաստանը մոտ երեք տասնամյակ նման ծավալի մետրոշինարարական նախաձեռնություն չի իրականացրել։

«Պետք է նաև արձանագրել, որ մենք 30 տարի այդ կարգի նախագիծ չենք իրականացրել, և նախագծի համալիր փորձաքննությունն ինքնին բավականին երկար է տևել:

Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման։ Պետք է վստահ լինենք, որ կա գործընկեր, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի վերահսկի այդ ամբողջ պրոցեսը»,- ասել է նա։

Վարչապետն ավելացրել է, որ դրանից հետո գործընթացը կշարունակվի շինարարական աշխատանքների ժամանակացույցի մշակման, կապալառուի ընտրության, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների և կիրառվելիք մեխանիզմների հստակեցման ուղղությամբ։

2025-ի դեկտեմբերի վերջում հայտարարվեց, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման նպատակով։

Սեպտեմբերի 18–ին Ավինյանը հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, և շինարարական աշխատանքները կարող են սկսվել 2026-ին։ Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ մշակելու մասին քաղաքապետարանը հայտարարել է դեռևս 2018–ին։