10 հունիսի 2026 - 11:01 AMT
ՄԱԿ-ում ստացել են Արթուր Օսիպյանի նամակը

ՄԱԿ-ի գրասենյակը ստացել է արցախցի գործիչ, ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի իրենց ուղղված նամակը, հայտնում է Aysor.am-ը:

«Սույնով հաստատում ենք Ձեր՝ 2026 թվականի հունիսի 3-ով թվագրված նամակի ստացումը և ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ այն ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համապատասխան գործընկերների ուշադրությանը, այդ թվում՝ Նյու Յորքում Քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին»,-ասվում է պատասխանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված և կալանավորված, այնուհետև հացադուլ հայտարարած արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը դիմել է միջազգային հանրությանը՝ իր իրավունքների պաշտպանության խնդրով։

Օսիպյանը ձերբակալվել է 2026 թվականի մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Դեպքը տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ Օսիպյանը մոտեցել է վարչապետին և քննադատել նրան։

Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»: