10 հունիսի 2026 - 11:39 AMT
Ռուբինյան․ Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան

Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան, հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Հանրայինի եթերում անդրադառնալով ընդդիմության կողմից մանդատներ վերցնելու կամ չվերցնելու հարցին:

«Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները: Եթե իրենց թվում է, որ մենք նստած երազում ենք՝ իրենք երբ են գալու, սխալվում են, մեզ ավելի լավ կլինի, բոլորիս ավելի լավ կլինի»,– ասել է նա, գրում է Auroranews.am-ը:

Ռուբինյանը հավելել է, որ ժողովուրդը միանշանակ ընդունում է, որ ընտրությունները արդար, ազատ և թափանցիկ են եղել մեկ պարզ պատճառով՝ ժողովուրդն է այս որոշումը կայացրել, ժողովուրդն է քվեարկել:

«Միակ ճանապարհը մեր քաղաքական դաշտը առողջացնելու այն է որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը վերջապես կրի պատասխանատվություն»,-ասել է նա:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։