
«Միասնության թևեր» քաղաքական ուժի հարաբերական լռությունը ոչ դադար է, ոչ նահանջ, հայտարարել է կուսակցության պատգամավորության թեկնածու, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա հավելել է, որ սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս։
«Այս պահին մենք կենտրոնացած ենք ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում վերահաշվարկներից մինչև առաջիկա զարգացումների բոլոր հնարավոր սցենարների գնահատում։
Մի բան արդեն ակնհայտ է․ «Միասնության Թևերը» ձևավորվել է որպես ազդեցիկ քաղաքական ուժ, և այդ իրողությունն այլևս հնարավոր չէ անտեսել։ Իսկ առաջիկա քաղաքական գործընթացներում մեր դերակատարումը պայմանավորված է լինելու ոչ միայն մեր քայլերով, այլև երկրում սպասվող ընդհանուր քաղաքական զարգացումներով։
Հայաստանում իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ։
Հետևաբար, այս փուլում առավել քան երբևէ անհրաժեշտ են սառնասրտություն, ներքին ամրություն, կազմակերպվածություն և պատրաստակամություն՝ պայքարի ցանկացած սցենարի համար։
Մենք աշխատում ենք։ Մենք չենք նահանջել։ Եվ մեր պայքարը շարունակվում է»,-գրել է նա:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։