10 հունիսի 2026 - 14:13 AMT
ՀԿԿ նախագահ. Ունենալու ենք նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ

Ընտրությունների ամփոփումից հետո ևս ընտրակաշառքների գործերով լինելու են նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հայտարարել է ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանն Ազգային ժողովում:

«Վստահեցում եմ, որ մենք կունենանք նոր բացահայտումներ այս առումով: Արդեն ունենք օպերատիվ մարմնում բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, չենք գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք և իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ և հետապնդումներ: Այս առումով մեր աշխատանքը չի կանգնելու: Եթե անգամ անցնեն տարիներ, և մենք ստանանք կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, դրանք ստուգելու ենք՝ ամբողջ գործիքակազմի կիրառմամբ և գնալու ենք քրեական հետապնդումների»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Անդրադառնալով արդեն կատարված աշխատանքին՝ նա հայտարարել է, որ թեև ընտրական հանցագործությունների մասով 100 տոկոս բացահայտման ցուցանիշ չի գրանցվել, սակայն կոմիտեն արդյունավետ աշխատանք է իրականացրել։ Նրա գնահատմամբ՝ կոմիտեի հաստիքային հնարավորությունների համեմատությամբ կատարվել է զգալի ծավալի աշխատանք։

«Այս պահին ունենք հաստիքներում համալրված 72 քննիչ, ունենք օպերատիվ- հետախուզական պաշտոններում համալրված 78 անձ: Թափուր հաստիքների թիվը հասնում է գրեթե 60-ի: Այսինքն՝ նման մարդկային ներուժի պայմաներում Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ էութան, իրականացրել է 100-ից ավելի բացահայտումներ ամբողջ հանրապետության տարածքում և քննել է մոտ 115 քրեական վարույթ, որոնք առաջիկայում ավելանալու են, ունենալու ենք նոր բացահայտումներ:

Հետևաբար, արդյունավետության առումով, հաշվի առնելով մարդկային ներուժը ու տեխնիկական հնարավորությունները, կոմիտեի կատարած աշխատանքը գնահատում եմ բավականին բարձր և արդյունավետ»,- ասել է նա:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով՝ առաջիկայում, երբ կատարված աշխատանքներն ամփոփվեն, ամբողջական պատկեր կձևավորվի ընտրական հանցագործությունների ոլորտում արձանագրված բացահայտումների վերաբերյալ։ Դրանից հետո նաև կքննարկվի, թե ֆինանսական ինչ միջոցներ են անհրաժեշտ կոմիտեին առավել պատրաստված և տեխնիկապես հագեցած դարձնելու համար։ Բացի այդ, նախատեսվում է համայնքներում բացել տարածքային ստորաբաժանումներ։

Այս համատեքստում Նահապետյանը հիշեցրել է, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո արձանագրվել են բազմաթիվ բացահայտումներ, ինչպես նաև եղել են մոտ հինգ տասնյակ մեղադրյալներ, որոնց մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու և ստանալու համար։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։