10 հունիսի 2026 - 14:26 AMT
Սիմոնյան․ Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու՝ այլ պատգամավորներ են հայտնվելու

Ընդդիմադիրների կողմից մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու՝ այլ պատգամավորներ են հայտնվելու, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով հնչող հայտարարությունները։

«Հիմնական թեզն այն է, որ մանդատները մի՛ վերցրեք։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ նեղեք այդ մարդկանց, իրենք չեն կարող դա անել, մի՛ պահանջեք մի բան, որն իրենք չեն կարող անել», - ասել է ԱԺ նախագահը, հայտնում է Radar Armenia-ն:

Նա հավելել է, որ դա տեխնիկապես անհնար է. նրանք չեն կարողանալու իրենց 100-200 հոգանոց ցուցակների բոլոր անդամներին համոզել, որ հրաժարվեն «դեպուտատ» դառնալուց։

«Այդքան փող են ծախսել մարդիկ, այդքան սխեմաներ են աշխատացրել, այդքան մարդիկ անտուն են հայտնվել, դեռ հայտնվելու են, ո՞նց իրանք մանդատ չվերցնեն։ Էլ չեմ ասում, որ մանդատ չվերցնելը, եթե դա ինչ-որ ձևով ստացվի, որևիցե բան չի փոխելու. այլ պատգամավորներ են հայտնվելու, այլ կուսակցություններ կհայտնվեն, և դա իրականության մեջ բան չի փոխի», - նշել է նա։

ԱԺ նախագահը հիշեցրել է նաև 8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում տեղի ունեցած զարգացումները։

«Ընդդիմությունը հրաժարվեց տարբեր պաշտոններից՝ «Դոնթի» բանաձևով իրենց հասանելիք Ազգային ժողովի հանձնաժողովների ղեկավարների, տեղակալների պաշտոններից, և ի՞նչ եղավ... ոչ մի բան։ Ազգային ժողովը կշարունակի և շարունակելու է աշխատել», - ասել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանը նաև անդրադարձել է «Հայաստան» դաշինքին՝ նշելով.

«Օրինակ, «Հայաստան» դաշինքը, այսինքն՝ ի՞նչ երեսով է... անունն ի՞նչ է դնելու, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում իրենք չեն մասնակցել աշխատանքներին, չեն վերցրել հանձնաժողովների ղեկավարների պաշտոնը, հիմա վերցնելո՞ւ են։ Ի՞նչ տարբերություն։ Այ, այսպիսի իրավիճակի մեջ են հայտնվել», - շեշտել է նա։

Խոսելով «Ուժեղ Հայաստանի» մասին՝ Սիմոնյանը նշել է, որ հանրությունը նախ սպասում է Սամվել Կարապետյանի ասուլիսին։

«Ի՞նչ եղավ, գիշերը խոսք էր տրվում, որ առավոտյան հայտարարությամբ հանդես կգան։ Ի՞նչ է, սպասումները չարդարացա՞ն։ Մեկ միլիոն մարդու փող էր բաժանվել, բայց իրականում այդ բաժանված փողի դիմաց ընդամենը դրա մեկ երրորդի չափով ձայներ եկա՞ն: Բարի գալուստ իրական Հայաստան», - նշել է Սիմոնյանը:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։