
ՔՊ կուսակցության վարչության նիստին քննարկվել է թե երբ հրապարակել Սահմանադրության տեքստը, որի հանձնառությունը կուսակցությունը ստանձնել է նախընտրակասն գործընթացի շրջանակում, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Անդրադառնալով այն հարցին թե ինչու ավելի վաղ չի հրապարակվել՝ նա ասել է․ «Սա միանձնյա որոշում չէ՝ հրապարակել կամ չհրապարակելը: Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք», հայտնում է 1lurer.am-ը:
Նախարարը հավելել է, որ առաջիկայում, ամբողջացնելուց հետո, քանի որ սպասում են որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին, դա կանեն:
«Մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ: Բայց այն հարցի հետ կապված, թե ինչու չենք հրապարակել նախկինում, ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, քանի որ մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել»,-ասել է Գալյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ 61 մանդատ ունենալու պարագայում իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ Գալյանն ասել է, որ այս հարցում իրավիճակը չի փոխվել։
«Եթե հարցը այն է՝ իրավիճա՞կ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել: Այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն: Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է Սահմանադրությունը փոփոխելը, դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք և պատրաստ ենք ի կատար ածել: Նոր Սահմանադրության տեքստը հրապարակելը և հանրության հետ քննարկելը մեր հանձնառության մի մասն են, թե ինչ կլինի դրանից հետո՝ ժամանակը ցույց կտա:
Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք, կչափեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք այսօր մտածում են, ապագայում եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք, և կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում»,-ասել է նախարարը:
Գալյանը հավելել է, որ գործընթացը կուլիսների հետևում պահելու նպատակ կամ հնարավորություն չունեն, հայտնում է Aysor.am-ը:
«Մեր առաջին նպատակը ժողովրդի հետ քննարկում սկսելն է, այդ էջը բացելն է։ Դրանից հետո պետք է հասկանանք, թե ինչ արձագանք ենք ստանում»,-ասել է նա:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ 2027-ին նախատեսվում է անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե՝ նշելով, որ դա բացառապես ներքին քաղաքականության հարց է: Նա նաև հայտնել է իր կարծիքը, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանը տևական ժամանակ է պահանջում է, որ ՀՀ-ն հանի Սահմանադրությունից հղումն Անկախության հռչակագրին: Այդ մասին այդ երկրի ներկայացուցիչներն ասել են նաև հունիսի 7-ին ՀՀ-ում կայացած ընտրություններից հետո: