10 հունիսի 2026 - 15:45 AMT
ՀԱՊԿ-ը կքննարկի ՀՀ կողմից անդամավճաների չփոխանցման հետ կապված իրավիճակը

Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե անդամավճարների չվճարման պատճառով կազմակերպությունում կքննարկվի կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը։ Արդեն ավելի քան երկու տարի Հայաստանի պարտքը ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ պահպանվում է, և նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Մենք այսօր պայմանավորվել ենք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,- լրագրողներին ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել կասեցնելու այդ երկրի քաղաքացիների առաջադրումը կազմակերպությունում քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև զրկել տվյալ պետությանը կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Բացի այդ, նույն հոդվածով նախատեսվում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով ընդունված այլ որոշումներ, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել կազմակերպությունից։ Նման հարցերի վերաբերյալ որոշումները տվյալ անդամ պետության մասով ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին 2024-ի փետրվարից: Վարչապետ Փաշինյանը չի բացառել, որ ՀՀ-ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է Հայաստանում իր պատասխանատվության գոտին: ՀՀ-ն 2 տարի է անդամավճար չի վճարում: