10 հունիսի 2026 - 15:56 AMT
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել

Եվրամիության խորհուրդը ՀՀ-ում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության` EUPM Armenia-ի, ղեկավար է նշանակել Կոսմին Ջորջ Դինեսկուին։

Նա պաշտոնավարումը սկսելու է 2026 թվականի հունիսի 11-ից՝ նախնական մեկ տարվա մանդատով։ Համապատասխան որոշումն ընդունել է ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեն, հայտնում է Factor.am-ը:

EUPM Armenia-ն ստեղծվել է Հայաստանի իշխանությունների դիմումի հիման վրա՝ 2026 թվականի ապրիլի 26-ին, նախնական երկու տարվա ժամկետով։ Առաքելության նպատակն է նպաստել երկրի դիմակայունության և ճգնաժամերի կառավարման կարողությունների զարգացմանը։

Առաքելությունը աջակցելու է Հայաստանին բազմաշերտ սպառնալիքների դիմակայելու գործում, այդ թվում՝ կիբերհարձակումների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների, միջամտությունների (FIMI) և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում՝ տրամադրելով ռազմավարական և գործառնական խորհրդատվություն։

Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է՝ դեսպանի կոչումով, որն ունի միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ։ Նա ղեկավար և կառավարչական լայն փորձ է կուտակել՝ զբաղեցնելով բարձր դիվանագիտական պաշտոններ Լիտվայում և Լատվիայում, ինչպես նաև ծառայելով որպես Ռումինիային դեսպան Խորվաթիայում։

Վերջին երեք տարիների ընթացքում Դինեսկուն ղեկավարել է Մոլդովայում Եվրամիության գործընկերության առաքելությունը (EUPM Moldova)՝ լինելով դրա առաջին ղեկավարը։

EUPM-ը Հայաստանում գործող երկրորդ քաղաքացիական առաքելությունն է։ Այն տարբերվում է 2023 թվականին ստեղծված ԵՄ առաքելությունից (EUMA), որի հիմնական առաքելությունն է տեղում իրավիճակի դիտարկումը և դրա վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը, ինչպես նաև վստահության ամրապնդման և հակամարտությունից տուժած շրջաններում մարդկային անվտանգության խթանումը։