
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 10-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու հոդվածով։
Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է Factor.am-ը:
Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանը ցանկացել է մի քանի օրով մեկնել Հայաստանից, սակայն ուղևորությունը չի իրականացվել։ Այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ծառուկյանը ցանկացել է լքել Հայաստանը, սակայն չի կարողացել, նրա խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։
Տոնոյանը գրել է․ «Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու հոդվածով։ Նրա պաշտպանը հայտարարել է, որ դատախազությունը չի դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը չի հաղթահարվել։