
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակաբար ընդլայնելու ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցությունը՝ ՀՀ ընտրական համակարգի հետագա բարելավման նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից ներկայացված գնահատականները։ Կարևորվել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։
Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը կատարված աշխատանքի համար՝ նշելով, որ հայկական կողմը ապահովել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի դիտորդական առաքելությունները լիարժեք և անխափան իրականացնեն իրենց գործառույթները։
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։