10 հունիսի 2026 - 16:47 AMT
Գալյան․ Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով մայիսի 21-ից հացադուլ իրականացնող հասարակական գործչի առողջական վիճակին։

Նա նշել է, որ Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, գրում է Արմենպրեսը:

«Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը, նրան առաջարկվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել այն իրողությունների հետ կապված, որոնք, նրա կարծիքով, հանցավոր են։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվի»,-ասել է նա։

Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Օսիպյանը զգալիորեն նիհարել է, նրա առողջական վիճակը վատ է, և նա հրաժարվում է բժշկական հետազոտությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Արթուր Օսիպյանը 2026 թվականի մարտի 22-ին, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, իր «Ֆեյսբուք» օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, հրապարակային գրառումներ է կատարել՝ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա. Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։

Օսիպյանը ձերբակալվել է 2026 թվականի մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Դեպքը տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ Օսիպյանը մոտեցել է վարչապետին և քննադատել նրան։

Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»: