10 հունիսի 2026 - 17:20 AMT
«Ապրելու երկիրը» ոչ լեգիտիմ է համարում ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը

«Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ»: Այդ մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցել են «Ընտրական օրենսգրքի» բազմաթիվ խախտումներով և չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտումը

«• Քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրան նախորդող ամիսներին իշխանության ներկայացուցիչներն իրականացրել են ընտրողների նկատմամբ ճնշումներ՝ աշխատանքից ազատելու, ձերբակալելու և այլ սպառնալիքների տեսքով, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր կամ իրենք, կամ իրենց ընտանիքի անդամները որևէ ձևով ներգրավված են եղել ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության մեջ։

  • Անհիմն ձերբակալվել, կալանավորվել, երկարատև հարցաքննությունների են կանչվել ընդդիմադիր թեկնածուներ և ընտրական շտաբների պատասխանատուներ՝ նրանց ընտրական գործընթացներից դուրս մղելու նպատակով։
  • Թեև պետական պաշտոնյաները գտնվել են արձակուրդում, քարոզարշավի ընթացքում շարունակել են հանդես գալ իրենց պաշտոնեական դիրքերից՝ անուղղակիորեն կատարելով իրենց գործառույթները։
  • Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ իրականացրել է համակարգված հակաքարոզչություն ընդդիմադիր ուժերի նկատմամբ՝ կրկնելով իշխանական համացանցային լրատվամիջոցների հակաքարոզչական թեզերը։
  • Ընտրությունների օրը բազմաթիվ տեղամասերում և դրանց հարևանությամբ, իշխանության ներկայացուցիչների ներկայությամբ, ճնշում է գործադրվել ընտրողների ազատ ընտրության վրա։

Թեև տեղամասերում, բուն քվեարկության գործընթացը անցել է հիմնականում օրենքի շրջանակներում, սակայն, համաձայն մեր վերլուծությունների և գնահատականների, ընտրություններին մասնակցող քաղաքացիներից առնվազն 130,000-ը իշխող կուսակցությանն ընտրել է պարտադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ խախտումներն արձանագրել է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։

«Վերոնշյալն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Ազատ ու արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցությունը չէր կարողանալու ստանալ մանդատների մեծամասնությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։