10 հունիսի 2026 - 17:37 AMT
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը ճանաչվել է անվավեր

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պատկանող Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43.7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը և դրանց կից 0.272 հա հողամասը 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված պայմանագրով ապօրինի օտարվել են ֆիզիկական անձի՝ ընդամենը 4 միլիոն 572 հազար դրամով։

Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ օտարման պահին գույքի կադաստրային արժեքը կազմել է 33 միլիոն 246 հազար 992 դրամ, այսինքն՝ այն վաճառվել է կադաստրային արժեքից բազմակի ցածր գնով։ Ներկայումս գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 134 միլիոն 250 հազար դրամ։

Դատախազությունում ստացված տվյալներով՝ օտարման գործընթացում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մարտունու քաղաքապետը, համայնքի բնակիչների պահանջով, ավագանու անդամների անունից դիմել է այն ժամանակվա ՀՀ վարչապետին՝ խնդրելով քաղաքի միակ կինոթատրոնի շենքը փոխանցել համայնքին՝ մշակութային կյանքի և երիտասարդության ժամանցի կազմակերպման նպատակով։

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 25-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը։

Հայցադիմումով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 66 հասցեում գտնվող հասարակական նշանակության «Մուշ» կինոթատրոնը վաճառվել է շուկայական և կադաստրային արժեքներից էականորեն ցածր գնով՝ խախտելով ինչպես գույքի գնահատման, այնպես էլ պետական սեփականության օտարման ժամանակ գործող օրենսդրության պահանջները։

Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 1-ի վճռով Գլխավոր դատախազության ներկայացրած հայցը բավարարվել է։ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և քաղաքացու միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը ճանաչվել է անվավեր։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43.7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը և 0.272 հա հողամասը։