11 հունիսի 2026 - 10:59 AMT
Օսիպյանը` բանտի պայմանների մասին. Այնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնենք

Հունիսի 10-ի երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված արցախցի քաղաքական գործիչ Արտուր Օսիպյանն անդրադարձել է պահման պայմաններին՝ նշելով, որ «այնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեն»:

«Էս բանտի պայմանները շատ ծանր էր. խնդիրը միայն իմ մեջ չի, մարդիկ միշտ էին էդ վիճակում ու սա համակարգային խնդիր ա։ Ճիշտն ասած՝ ես ՄԻՊ-ին դիմել եմ հենց համակարգային մոտեցում ցույց տալու համար, խոստացել են որ անեն»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նրա խոսքով միակ բանը, որ փոխվել է՝ հացադուլավորների համար նախատեսված խուց տաքացուցիչ են բերել:

«Այնտեղ մի այլ տիպի խոնավություն ու սառնամանիք, այ էս եղանակին, ուրեմն էդ տաքացուցիչը լրիվ մինչև վերջ միացրած, նոր կարողանում էինք երկարաթև շորերով մնալ: Նկուղային հարկ ա, ընդհանրապես արև չէինք տեսնում, բայց էդ սաղ մի կողմ՝ հոտը, կանալիզացիայի հոտը սպանում ա: Դա էր ամենածանր բանը ու իրոք դա մի պահ բերեց որոշ առողջական խնդիրների, նամանավանդ որ՝ հինգ օր չէին թողնում դուրս գայինք զբոսանքի: Դա իրոք բոլորի վիճակն էծանրացրել: Էլ չեմ ասում՝ արհեստական այլ խոչընդոտներ…

Ես երկրորդ օրն ա, չեմ կարողանում դիմել Դատախազություն, որպեսզի ներկայացնեմ ծանր հանցագործության մասին հաղորդում, խոսքը մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս տալու մասին է, որը որ նույնիսկ անդառնալի կամ մահվան վտանգ է պարունակում: Ուրեմն դուռն ենք բացում՝ կանալիզացիայի հոտն ա գալիս, պատուհանն ենք բացում՝ աղբանոցի հոտն ա գալիս: Միակ տարբերակն էն էր, որ սիգարետը էնքան ծխենք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնենք, ոնց որ մոխրամանում նստած լինենք: Այ էս վիճակն էանտանելի էնտեղ: Ու ասում եմ՝ հարցը իմ մեջ չի, իմ տեղեկությամբ՝ ամբողջ այդ քրեակատարողական հիմնարկներում հիմնականում էդ վիճակն ա»,-ասել է նա:

Օսիպյանի 24-օրյա հացադուլի ընթացքում նրա նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների ներկայացրած երաշխավորությունների հիման վրա։

Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արտուր Օսիպյանի միջև։ Բանավեճից հետո հնչել են փոխադարձ սուր արտահայտություններ։ Փաշինյանը Օսիպյանին անվանել է «փախած», ինչպես նաև հարցադրում է արել, թե ինչու նա չի զոհվել արցախյան պատերազմում։ Դեպքից հետո Օսիպյանը ձերբակալվել և երկու ամսով կալանավորվել է։ Նա ձերբակալության օրվանից հացադուլի մեջ է։

Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել էր, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են Օսիպյանի իրավունքները պատշաճ ապահովելու համար, ներառյալ հացադուլ հայտարարելու իրավունքը, ինչպես նաև նրան տրամադրվում է զբոսնելու հնարավորություն և այլ անհրաժեշտ պայմաններ։ Նա նաև ասել էր, որ Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն: