
Չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում, հայտարարել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով վերահաշվարկների ընթացքին և դրանց արդյունքներին։
«Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։
Սա նշանակում է, որ առնվազն 140 քաղաքացու ընտրական իրավունքն իրացվում է, և նրանց քվեն արդարացիորեն արտացոլվելու է ընտրությունների վերջնարդյունքում։
ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։ Տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։
Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում և առողջ բանականության շրջանակում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում»,-գրել է նա:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։