11 հունիսի 2026 - 11:45 AMT
ՆԳՆ․ WhatsApp-ով տարածվում են Instagram-ի կեղծ հղումներ՝ մի բացեք և մի մուտքագրեք ձեր տվյալները

WhatsApp-ում Instagram-ի անունից ստացված գաղտնաբառի փոփոխության հղումները կարող են լինել խարդախության փորձ՝ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել հասանելիություն ստանալ օգտատերերի հաշիվներին, հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը:

«Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում ձեր հաշվի գաղտնաբառը փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև ձեր WhatsApp հաշվին՝ կախված ձեր կարգավորումներից։

Սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝

• մի՛ մուտք գործեք այդ հղումով,

• մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով: