
Ռուսական «Մատրյոշկա» բոտերի ցանցը Հայաստանի 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո սկսել է ապատեղեկատվական արշավ, որի ընթացքում տարածվել են կեղծ պնդումներ Ֆրանսիայի և Հայաստանի վերաբերյալ, գրում է The Insider-ը:
«Բոտերի արգելափակիչ» նախագծի հետազոտողները, որոնք հետևում են սոցիալական ցանցերում ռուսամետ բոտերի գործունեությանը, The Insider-ին տեղեկություններ են փոխանցել արշավի նյութերի մասին։
Ֆեյքերի հիմնական առանցքը դարձել է ֆրանսիական պետական Tchap մեսենջերի իրական կոտրումը, որը բոտերը ներկայացրել են որպես հորինված «արտահոսքերի» աղբյուր։ Արևմտյան լրատվամիջոցների բրենդներով պատրաստված տեսանյութերում տարածվել են մի շարք նարատիվներ։
Ըստ այդ կեղծ նյութերի՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի «արտահոսած» նամակագրությունն իբր հաստատել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը վերածել Ռուսաստանի դեմ ռազմական հենակետի։ Տեսանյութերից մեկում Le Figaro-ի գլխավոր խմբագիր Ալեքսիս Բրեզեին վերագրվել են հետևյալ խոսքերը․ «Եթե նախկինում այս ամենը միայն խոսակցություններ և չհաստատված ներսից ստացված տեղեկություններ էին, ապա այժմ մենք ունենք դրա ուղղակի հաստատումը»։
Նույն նյութերում պնդվել է, թե Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը Tchap-ում քննարկել է, թե «օգտագործվելուց» հետո Հայաստանին կարող են այն «կուլ տալ» Թուրքիան և Ադրբեջանը։ Նշվել է նաև, թե Վոտրենը նամակագրության մեջ «ծաղրել է» այն փաստը, որ հայերին «վաճառվել է ԵՄ անդամակցության գաղափարը», իսկ ֆրանսիական իշխանություններն իբր ունեն Հայաստանի տարածքների մի մասի անեքսիայի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերը։
Մեկ այլ կեղծ պնդմամբ՝ Ֆրանսիան իբր 120 միլիոն եվրո է ծախսել ընտրությունները Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կեղծելու համար, և ևս 120–150 միլիոն եվրո՝ Մոլդովայի ընտրություններին միջամտելու նպատակով։ France 24-ի խորհրդանիշներով տեսանյութում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր տնօրեն Տիբո Բրյուտենին վերագրվել է հայտարարություն, ըստ որի ֆրանսիացի պաշտոնյաները «Փաշինյանի կոռուպցիան ներառել էին իրենց հաշվարկներում» և ակնկալել են, որ նա «կյուրացնի ընտրակեղծիքների համար հատկացված գումարները»։
Բոտերը նաև պնդել են, թե Ֆրանսիայի պաշտոնյաները Հայաստանում կիրառել են «նույն մանիպուլյացիոն տեխնոլոգիաները, ինչ Մոլդովայում», և իբր 40 հազար հույն գումարի դիմաց ստացել է քաղաքացիություն ու Թուրքիայի միջոցով տեղափոխվել Հայաստան։
Արշավի մեկ այլ բաղադրիչում նշվել է, թե Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի որդին 2025 թվականին բռնաբարել է երկու անչափահաս հայ աղջկա, իսկ գործը «ծածկադմփոց» է արվել բարձր մակարդակով։ Այդ ֆեյքը վերագրվել է Bellingcat հետաքննական խմբին։ Տեսանյութում նաև պնդվել է, թե ֆրանսիացի պաշտոնյաները նամակագրության մեջ զոհերին անվանել են «սպանդանոց ընկած մի զույգ կենդանի», և, ըստ բոտերի, դա եղել է «ֆրանսիացի պաշտոնյաների սովորական ոճը Հայաստանի և նրա քաղաքացիների մասին խոսելիս»։
Մեկ այլ տեսանյութում պնդում է արվում, թե Էմանուել Մակրոնը խիստ զայրացել է ընտրությունների արդյունքներից, քանի որ Փաշինյանը «մեկ տարի խաբել է ֆրանսիական էլիտաներին»՝ խոստանալով առնվազն 61 տոկոս վարկանիշ։ Գերմանացի քաղաքագետ Ֆրից Շարպֆին վերագրվել են խոսքեր այն մասին, որ Euronews-ի նման լրատվամիջոցները «ներկայացնում են սա որպես պատմական հաղթանակ», մինչդեռ արդյունքը «հուսահատեցնող է»՝ հաշվի առնելով «ընտրակեղծիքների սարսափելի ծավալները»։
Կատրին Վոտրենին վերագրվել է նաև հայերին «վայրենիներ» անվանելու պնդումը։ Նույն տեսանյութում գերմանացի լրագրող Լարս Վինանդին վերագրվել են մեկնաբանություններ այն մասին, որ Ֆրանսիան «երբեք չի հրաժարվել գաղութատիրական քաղաքականությունից»։
Արշավի առանձին հատված են կազմել արևմտյան լրատվամիջոցների կեղծ շապիկներն ու սքրինշոթերը։ Բոտերը տարածել են Euronews-ի («Կամքի պայքարը պարտվել է»), France 24-ի («Վարչապետ Փաշինյանը նախաձեռնությունը զիջել է Հայաստանի ընդդիմադիր ուժերին»), DW-ի («Փաշինյանը ձախողումը ներկայացնում է որպես հաղթանակ») կեղծ էջեր, ինչպես նաև հունիսի 9-ով թվագրված ֆրանսիական թերթերի շինծու առաջին էջեր՝ Libération («Փաշինյանը կորցնում է առավելությունը»), La Croix («Ընտրությունների արդյունքները ոչնչացնում են Փաշինյանի հույսերը») և Le Parisien («Կոռուպցիա, շանտաժ, կեղծիքներ»): Դրանք բոլորը կառուցվել են նույն գաղափարի շուրջ՝ իբր ընտրությունները դարձել են Փաշինյանի ձախողումն ու նրա եվրոպացի գործընկերների հիասթափությունը։
Իրականում հունիսի 7-ի ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով ձայների 49․8 տոկոսը և խորհրդարանի 105 մանդատներից 64-ը։ Այդ արդյունքը բավարար է կառավարություն ինքնուրույն ձևավորելու համար։ Երկրորդ տեղը զբաղեցրել է գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքը՝ 23․3 տոկոսով։ Միաժամանակ կուսակցությունը չի ստացել խորհրդարանի երկու երրորդը կազմող սահմանադրական մեծամասնություն, և հենց այս իրական հանգամանքն են բոտերը օգտագործել՝ արդյունքը որպես «ձախողում» ներկայացնելու համար։
Իրական է եղել նաև Tchap-ի կոտրումը, որի վրա հիմնվել են ֆեյքերը։ 2026 թվականի հունիսի 7-ին՝ Հայաստանի ընտրությունների օրը, Ֆրանսիայի ANSSI կիբեռանվտանգության գործակալությունը գրանցել է պետական մեսենջերի կոտրում՝ փոխզիջված հաշվի միջոցով։ Հաքերները հայտարարել են 13․5 ԳԲ տվյալների՝ ավելի քան 643 հազար հաղորդագրության և 73 հազար հաշվի վերաբերյալ տեղեկությունների գողության մասին։ Ֆրանսիական իշխանությունները նշել են, որ չարագործը մուտք է ստացել միայն հանրային սենյակներ, իսկ ծայրից ծայր գաղտնագրմամբ պաշտպանված անձնական նամակագրությունները չեն տուժել։ Հրապարակված տվյալներում Հայաստանի, ընտրակեղծիքների կամ դեսպանի որդու վերաբերյալ որևէ հաստատված արտահոսք չի հայտնաբերվել։
The Insider-ի տրամադրության տակ եղել են հղումներ «Բոտերի արգելափակիչ» նախագծի սկզբնական հրապարակումներին և նյութերին, որոնք հաստատել են, որ դրանք հրապարակած հաշիվները կապված են «Մատրյոշկա» ցանցի հետ։ Խմբագրությունը չի հրապարակել ուղիղ հղումները՝ կեղծ տեղեկատվության տարածմանը չնպաստելու նպատակով։
Հետազոտողների գնահատմամբ՝ «Մատրյոշկան» ռուսական գործողություն է, որը կենտրոնացած է բոտերի, թրոլների և անանուն հարթակների համակարգված ենթակառուցվածքի միջոցով ֆեյքերի զանգվածային տարածման վրա։ Նպատակն է ստեղծել արհեստական տեղեկատվական աղմուկ և ազդել իրադարձությունների ընկալման վրա թե՛ Ռուսաստանում, թե՛ արտերկրում։ «Բոտերի արգելափակիչ» նախագիծը գործողությունն անվանել է «Մատրյոշկա»՝ ռուսական խաղալիքի համանմանությամբ․ բոտերը թաքնվում են մեկը մյուսի հետևում, իսկ ֆեյքերը շերտերով տարածվում են տարբեր հարթակներով, ինչը դժվարացնում է սկզբնաղբյուրի հայտնաբերումը։
Գործողության մեխանիզմը ներառել է երկու ուղղություն։ Առաջինը մեծ թվով կեղծ պրոֆիլների ստեղծումն է, որոնք ներկայանում են որպես սովորական օգտատերեր, անկախ լրատվամիջոցներ կամ վերլուծական կենտրոններ։ Այդ հաշիվներն օրական տասնյակ հրապարակումներ են անում՝ ընդօրինակելով տեղական խոսքի առանձնահատկությունները։ Երկրորդ ուղղությունը նույն բովանդակության միաժամանակյա տարածումն է Twitter (X), Telegram, BlueSky հարթակներում և փակ զրույցներում։ Ավելի համոզիչ երևալու համար բոտերը օգտագործում են հայտնի արևմտյան լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների տարբերանշանները։