11 հունիսի 2026 - 13:55 AMT
Վարդանյանի կինը բաց նամակ է հղել․ «Այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են մեր կողքին, մեծ մխիթարություն է»

Հայտնի գործարար և բարերար, շինծու գործերով Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ընտանիքի անունից բաց նամակ է հրապարակել՝ երախտագիտություն հայտնելով դժվար ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության, կարեկցանքի և համերաշխության համար։

«Մայիսի 25-ին՝ Ռուբենի ծննդյան օրը, ձեր հղած ուղերձները, աղոթքները, աջակցության հրապարակային խոսքերն ու բարի արարքները ուժի և հույսի մեծ աղբյուր են դարձել ընտանիքի համար։ Անորոշության պահերին այն գիտակցումը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են մեր կողքին, մեծ մխիթարություն է մեզ համար»,- նշված է Զոնաբենդի նամակում, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ֆինանսապես աջակցել են Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած ծրագրերին, այդ թվում՝ Դիլիջանի եկեղեցու կառուցման, UWC Դիլիջանի և Տաթևի մանկական խաղահրապարակի իրականացման նպատակով։

«Յուրաքանչյուր ներդրում, անկախ չափից, հոգատարության և մարդկայնության հզոր ուղերձ է»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանի կինը։

Նամակի ավարտին նա ընդգծել է, որ նման համերաշխությունը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ կարեկցանքն ու մարդկային արժանապատվությունը վեր են ամեն ինչից։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխվելու ընթացքում։ 2026 թվականի փետրվարի 17-ին Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Մայիսի 25-ին նա դարձել է 58 տարեկան։