
Նույնիսկ գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում Հայաստանը չի բախվի 1990-ական թվականներին բնորոշ ծանր էներգետիկ իրավիճակին, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե գազի գնի հնարավոր թանկացումն ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա՝ նա ասել է․ «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 30-35%-ն արտադրվում է ջերմային էլեկտրակայաններից, հետևաբար, եթե գազի գինը թանկանա իքս դրամով, այդ նշված տոկոսի չափով ազդեցությունը էլեկտրաէներգիայի արտադրության սակագնի վրա, բնականաբար, կլինի բացասական։ Այո, գազի թանկացման պարագայում, անցումային փուլում որոշակի դժվարություններ կլինեն։ Բայց հովհարային անջատումների տարիների պատկերը չենք ունենա», հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին վերականգնվող էներգետիկայի զարգացումը զգալիորեն փոխել է ընդհանուր պատկերը։
«Աշխարհացունց բան այնուամենայնիվ դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում բավական զարգացել են առաջանցիկ տեմպերով»,- ասել է նա,
Մեսրոպյանը նաև նշել է, որ եթե իրավիճակը փոխվի և ռուսական գազի մատակարարումների հետ կապված խնդիրներ առաջանան, Հայաստանը կդիտարկի գազի ձեռքբերման այլ շուկաներ և լրացուցիչ ռեսուրսներ գտնելու հնարավորությունները։
Նա հավելել է, որ այս պահին գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ չի ստացվել, հայտնում է Panorama.am-ը:
«Տեսականորեն հնարավոր է՝ հիմա ճեպազրույց եմ տալիս, պաշտոնապես կարող է ստացվի նման առաջարկ ՌԴ-ից կամ Գազպրոմ-Արմենիայից, բայց այս պահին որևէ նման առաջարկ չկա»,- ասել է նա։
Միաժամանակ Մեսրոպյանը նշել է, որ հնարավոր այլընտրանքներ գոյություն ունեն հարակից տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, Թուրքմենստանին կամ Իրանին, ինչպես նաև բոլոր այն երկրներին, որոնք գազ են վաճառում և որոնցից գազ գնելու համար առկա են համապատասխան ենթակառուցվածքներ։
Հարցին, թե արդյոք մտահոգություն չունի Ադրբեջանից հնարավոր կախվածության վերաբերյալ, ՀԾԿՀ նախագահը պատասխանել է, որ որպես Հայաստանի քաղաքացի՝ ունի բազմաթիվ մտահոգություններ։ Նա նաև ընդգծել է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ գազի սակագնի բարձրացման առաջարկով հանդես չի գա։
ՀԾԿՀ նախագահը նաև նշել է, որ եթե նույնիսկ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը բարձրանա, գործող պայմանագիրն ու սակագները պահպանվում են մինչև 2027 թվականի սկիզբը, ուստի առաջիկա վեց ամիսների ընթացքում որևէ անցումային փոփոխություն չի ակնկալվում։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։