
Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար տիպի, որի վերաբերյալ առաջարկներ կան և ՌԴ-ից, և ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, այլ երկրներից, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա նշել է, որ մոդելի և արտադրող երկրի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել, հայտնում է Factor.am-ը:
«Որոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պիտի լինի մոդուլյար տիպի ատոմակայան: Մոդելի և հետևաբար արտադրող երկրի ընտրություն չենք կատարել, որովհետև մոդելի ընտրությամբ է պայմանավորված արտադրող երկիրը: Ամերիկյան կողմից էլ ունենք առաջարկներ և ուսումնասիրում ենք, ֆրանսիական կողմից էլ ունենք, ռուսական կողմից էլ ունենք, կորեական կողմից էլ ունենք, չինական կողմից էլ ունենք»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի մոդուլային ատոմակայանի որոշակի տարբերակ, որն այժմ տեղակայված է նավի վրա, իսկ մյուս երկրները նույնպես ներկայացրել են իրենց առաջարկները։ Խուդաթյանը նշել է, որ որոշման հարցում կառավարությունը չի շտապում, քանի որ գործող Հայկական ատոմային էլեկտրակայանը դեռ երկար ժամանակ կարող է շարունակել աշխատել էներգահամակարգում։
«Որոշում կայացնելու մասով չենք շտապում, որովհետև Հայաստանի ատոմային էներգակայանի հնարավորությունները դեռևս երկար այնպիսին են լինելու, որ կարողանանք մենք այն պահել էներգահամակարգում և զեկուցել ժամանակին: Առնվազն մինչև 2036 թվականը, որովհետև հիմա շահագործման ժամկետի երկարացման ծրագիր ենք իրականացնում, և դրա ավարտից հետո՝ արդեն օգոստոսի վերջ-սեպտեմբերին, մենք կունենանք թույլտվություն ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը:
Բայց դա չի նշանակում, որ մեր ատոմակայանը դրանից հետո ի վիճակի չի լինի մնալ էներգահամակարգում: Կառավարությունը շտապելու բան չունի, մանավանդ այն հանգամանքով պայմանավորված, որ այս մոդուլյար ատոմակայանների մասով նոր տեսակի ատոմակայաններ են սրանք: Եվ ինչպես ցանկացած նոր արտադրանք, այնպես էլ ատոմակայանների մասով՝ նոր եղած ժամանակ գները բնականաբար ավելի թանկ են լինում, քան որոշակի ժամանակ հետո»,-ասել է նա:
Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու է ընտրվել հենց մոդուլային տարբերակը։ Նրա խոսքով՝ այդ տիպի կայաններն ավելի ճկուն են և ավելի արդյունավետ կարող են ինտեգրվել երկրի էներգահամակարգին։
«Մենք պլանավորում ենք և հիմա էլ գնում ենք այն ճանապարհով, որ վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում ավելացնում ենք: Իսկ դա մեզ բերում է անհրաժեշտություն՝ ավելի ճկուն գործիքներ ունենալու, մասնավորապես՝ արևային կայանների թվի և դրվածքային հզորության աճով պայմանավորված: Մենք հիմա որոշակի սեզոնների, ցերեկային որոշակի ժամերի ստիպված ենք լինում լիցքաթափել մեր հիմնական էներգետիկ հզորությունները»,-ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19-22-ը Հայաստան են այցելել «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները՝ շարունակական տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։ ՀՀ-ում գործարկման համար առանձնացվել է փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիա, տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է ԱԷՄԳ-ի լավագույն փորձի հետ: