11 հունիսի 2026 - 14:56 AMT
Կառավարությունը կաջակցի գյուղմթերքի արտահանմանը՝ 200 դրամ ծիրանի 1 կգի համար, 250 դրամ՝ դեղձի

Կառավարությունը նախատեսում է նոր աջակցման ծրագիր իրականացնել Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի համար։ Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է խթանել ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդիի արտահանումը։

Խոջոյանը նշել է, որ այս նախաձեռնությունը նախորդ շաբաթ հաստատված ծրագրի շարունակությունն է, որով պետական աջակցություն է նախատեսվել ջերմատնային արտադրանքի՝ թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանման համար, հայտնում է Factor.am-ը:

Նոր միջոցառման նպատակն արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ձևավորմանը նպաստելն է։

Նախագծի համաձայն՝ հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացրած տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում՝ ծիրանի յուրաքանչյուր կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 250 դրամ, կեռասի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ, իսկ հանքային ջրի յուրաքանչյուր լիտրի համար՝ 150 դրամ։

Աջակցությունից օգտվելու համար տնտեսավարողները արտահանումն իրականացնելուց հետո պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։