11 հունիսի 2026 - 14:57 AMT
Փաշինյանը դատի է տվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին»․ 12 մլն դրամ է պահանջում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարան է ներկայացրել երկու առանձին հայց ընդդեմ գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև յուրաքանչյուր գործով վճարել 6 միլիոն դրամ փոխհատուցում։

Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված հայցի հիմքում վարչապետը դրել է գործարարի՝ մայիսի 25-ին արված հայտարարությունը, ըստ որի՝ Փաշինյանը տուն ունի Կանադայում, հայտնում է Factor.am-ը:

Վարչապետը դատարանից խնդրել է Կարապետյանին պարտավորեցնել տարածել հետևյալ բովանդակությամբ հերքումը. «Պարտավորեցնել պատասխանող Սամվել Սարգսի Կարապետյանին 25․05․2026թ․ հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։ Բովանդակությունը՝ «2026 թվականի մայիսի 25-ին, ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, տարածել եմ տեղեկություն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։ Կարգը՝ հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 25․05․2026թ․ տրված հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով»։

Իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ ներկայացված հայցում Փաշինյանը հիմք է ընդունել կուսակցության էջում մայիսի 27-ին հրապարակված տեղեկությունը, թե նա պատրաստվում է Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցի։

Վարչապետը պահանջել է հրապարակել հետևյալ բովանդակությամբ հերքումը. «Հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել հետևյալ բովանդակությամբ. «2026 թվականի մայիսի 27-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է տեղեկություն, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, թե Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Հայտնում ենք, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»»։

Երկու դատական հայցերն էլ դատարան են մուտքագրվել հունիսի 10-ին: Դրանցից մեկը մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին, իսկ մյուսը՝ դատավոր Արմենուհի Բադրյանին։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։