
Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին տրված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու հիմնավորմամբ։ Այդ մասին հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։
Ուստի, անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել»,-նշել է նա:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։