11 հունիսի 2026 - 15:44 AMT
Էրդողանը՝ Փաշինյանին․ Հավատացած եմ՝ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանը հաջողությամբ ավարտին կհասցնի իր ռազմավարական տեսլականը։

«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:

Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:

Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,-ասվում է ուղերձում:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։