11 հունիսի 2026 - 16:08 AMT
Փաշինյանը ՝ ընդդիմադիրների մասին․ «Մարդասպան չենք, որ տանք, սպանենք, ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում հանրային համերաշխության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ, իր ձևակերպմամբ, «եռագլուխը արմատախիլ արվի երկրից»։

«Մենք մարդասպան չենք, որ տանք, սպանենք, մենք պետություն ենք ու ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Վարչապետը նաև նշել է, որ եթե ընդդիմադիր ուժերը որոշեն չստանալ իրենց մանդատները, ապա դա, իր կարծիքով, ազնիվ քայլ կլինի։

«Կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան, թե չէ գալու են, ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանով մեկ»,- ընդգծել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև այն հայտարարություններին, որ գործող իշխանությունները գործարք են առաջարկել ընդդիմությանը, որպեսզի կարողանան ԱԺ–ում սահմանադրական մեծամասնություն կազմել և խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, գրում է Sputnik Արմենիան:

«Եթե ասում են` գործարք են առաջարկել, թող ասեն` ով, ում։ Գագիկ Ծառուկյանը, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք գործարքին ընդառաջ կգար։ Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ տարբեր տեղեր գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է` իրեն ընդամենը հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ չէ»,-ասել է վարչապետը:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։