
ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթերվ պաշտոնյաները կկարողանան ՀՀ այցելել առանց մուտքի վիզայի: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Նրանք կկարողանան գտնվել Հայաստանի տարածքում՝ մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր:
Խոսքը ՄԱԿ-ի United Nations Laissez-Passer և Եվրոպական միության European Union Laissez-Passer փաստաթղթերի մասին է։
Հիմնավորման մեջ նշվել է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի մուտքի վիզայի պահանջից ազատվել են աշխարհի 116 երկրների այն քաղաքացիները, որոնք ունեն ԱՄՆ, Եվրոպական միության անդամ երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստան մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է։