
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետևած ռուս դիտորդների գնահատմամբ՝ «քվեարկության ընթացքում բազմաթիվ և լուրջ խախտումներ են արձանագրվել», հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան:
«Խախտումները, անկեղծ ասած, շատ են եղել, և դրանք եղել են սկզբունքային բնույթի խախտումներ», - ասել է Պամֆիլովան ՌԴ ԿԸՀ նիստում, հայտնել է Interfax.ru-ն:
Նրա խոսքով՝ ՌԴ ԿԸՀ անդամ Պավել Անդրեևը Հայաստանի ընտրություններին հետևել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելության կազմում, իսկ հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Լյուդմիլա Մարկինան, ներկայացրել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը։
Բացի այդ, ընտրություններին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների ընտրական հանձնաժողովների ևս 24 ներկայացուցիչ։
«Մեր գործընկերները պատմել են այն, ինչ տեսել են։ Մենք համեմատելու հնարավորություն ունենք, թե ինչպես էր նախկինում, քանի որ նրանցից շատերը բազմիցս մասնակցել են նման առաքելությունների:
Հայաստանը բավական հեռացել է ժողովրդավարական չափանիշներից, թեև կարծում է, որ պատրաստ է Եվրոպա գնալ (...): Ամեն դեպքում, դա մեր գործը չէ, կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդը համապատասխան եզրակացություններ կանի»,-ասել է նա:
Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։