
Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում դիմել պայմանագրային ծառայության անցնելու նպատակով, հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հայտնում է Արմենպրեսը:
Նախաձեռնությունը վերաբերում է նաև այն անձանց, որոնք նախկինում առողջական վիճակի պատճառով ճանաչվել են ոչ պիտանի ծառայության համար, սակայն ցանկանում են շարունակել ծառայությունը զինված ուժերում։
«Ուզում եմ տեղեկացնել, որ ընտրական թոհուբոհի ընթացքում մենք մի կարևոր որոշում ենք ընդունել, որը կարող է մեծ նշանակություն ունենալ պատերազմի մասնակից մեր շատ տղաների համար։ Փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել մարտական գործողությունների ընթացքում ծանր վնասվածքներ և վիրավորումների ստացած և զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին կրկին դիմել պայմանագրային զինծառայության ներգրավվելու համար՝ ապաքինման և ֆունկցիոնալության որոշակի վերականգնման պարագայում։
Իհարկե, այստեղ կունենանք բացառություններ որոշակի հիվանդությունների մասով, որոնք իրականում անհամատեղելի են ծառայության հետ, բայց մեր եղբայրների հիմնական մասը կարող է ներգրավվել ծառայության մեջ Պաշտպանության նախարարությունում»,-նշել է նա:
Նախարարը հավելել է, որ իրավակարգավորումը նաև նրա մասին է, որ վերջնական որոշումն ընդունում է գերատեսչության ղեկավարը:
«Կարող եք օբյեկտիվության մեջ նույնպես վստահ լինել։ Մենք սիրով սպասում ենք բոլորիդ Պաշտպանության նախարարության հարկի տակ»,- ասել է Պապիկյանը։