
Հայաստանում ՌԴ դեսպանատունը խորապես վրդովված է Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքով։ Այդ մասին ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ ակնկալում է Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական:
«Այդ սրբապիղծ ակցիան չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ ոտնձգության փորձի մասին է։
Մենք տեսնում ենք քաղաքային իշխանությունների և Գյումրու հասարակության կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր դժգոհությունը: Մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական, ինչպես նաև համապարփակ միջոցառումների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար», - նշվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
Հունիսի 10-ի գիշերը անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Նրանք պոկել և հափշտակել են համալիրի տարածքում տեղադրված հերոս քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։ Ավելի ուշ պոկված տառերը հայտնաբերվել են աղբամանների մեջ։