11 հունիսի 2026 - 18:02 AMT
Դիտորդները դիմել են ԱՆ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի շարք կալանավորների առողջական խնդիրների հարցով

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող մի շարք ազատությունից զրկված անձանց առողջական վիճակի վերաբերյալ անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով Դիտորդների խումբը (Prison Monitoring Group) գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Հունիսի 6-ին իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում նրնք արձանագրել են մի շարք մտահոգիչ հանգամանքներ։

Նշվում է, որ կալանավորված Հ․ Ս․-ն արդեն 26 օր շարունակ հացադուլի մեջ է։ Նրա փոխանցմամբ՝ ունի առողջական խնդիրներ, տեսողության հետ կապված դժվարություններ և ակնոցների կարիք։ Նշվել է նաև, որ նա նախկինում ունեցել է երկրորդ կարգի հաշմանդամություն, սակայն դրա ժամկետի ավարտից հետո չի անցել ֆունկցիոնալության գնահատում։

«Ազատությունից զրկված Հ․ Ա․-ն հայտնել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ նախկինում ստացել է «Գաբապենտին» 300 մգ բուժում, սակայն ներկայում դեղամիջոցը չի տրամադրվում, իսկ ընտանիքը սոցիալական ծանր պայմանների պատճառով հնարավորություն չունի այն ձեռք բերելու։

Ցմահ դատապարտյալ Հ․ Խ․-ն, իր հերթին, տեղեկացրել է, որ երկար ժամանակ չի ընդունվել հոգեբույժի կողմից։ Նրա խոսքով՝ նախկինում բուժում է ստացել նաև հոգեբուժական հաստատությունում, մինչդեռ այժմ պահվում է մեկուսացված պայմաններում»,-ասվում է հայտարարության մեջ:

Դիտորդների խումբը հիշեցրել է, որ Հայաստանը, որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություն, պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը՝ նույն չափանիշներով, որոնք գործում են հասարակության մյուս անդամների համար։

Խումբը պահանջել է՝

  • կազմակերպել Հ․ Ս․-ի համալիր բժշկական զննությունը,
  • ապահովել նրա տեսողության ստուգումն ու ֆունկցիոնալության գնահատումը,
  • գնահատել Հ․ Ա․-ի հոգեկան առողջության վիճակը և անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան դեղորայքային բուժումը,
  • կազմակերպել Հ․ Խ․-ի հոգեբուժական զննումը և քննարկել մասնագիտացված բուժման անհրաժեշտությունը,

Դիտորդների խմբին տեղեկացնել ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների մասին։

«Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ շարունակում է ունենալ արժանապատիվ վերաբերմունքի, առողջապահական ծառայություններից օգտվելու և անհրաժեշտ բուժում ստանալու իրավունք»,- նշված է հայտարարության մեջ։

Հունիսի 10-ի երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված արցախցի քաղաքական գործիչ Արտուր Օսիպյանը ևս անդրադարձել էր պահման պայմաններին՝ նշելով, որ «այնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեն»: