11 հունիսի 2026 - 18:16 AMT
«Ուժեղ Հայաստանը» կդիմի ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով

«Ուժեղ Հայաստանը» կդիմի ԿԸՀ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով։ Այդ մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Վաղը մենք դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան»,-ասել է նա:

Կարապետյանը հավելել է, որ վերահաշվարկի արդյունքում «բազում տեղամասերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել»:

«Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների․․․Մենք պետք է կտրենք ՔՊ–ի թևերը Հայաստանում։ ՔՊ–ն արդեն մեծամասնությունը կորցրած քաղաքական ուժն է։ Անգամ այսքան ընտրախատումներով, այն 3/5 չունեցող ուժ է ու չի կարող Ալիևի ցուցումով Սահմանադրություն փոխել: Բայց մենք գնալու ենք ավելի հեռուն, որպեսզի վերանայվեն արդյունքները»,- ասել է Կարապետյանը:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։