11 հունիսի 2026 - 19:02 AMT
«Մայր Հայաստան» հուշահամալիրի վնասման դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից հերոս-քաղաքների անվանումները կազմող ոսկեգույն տառերը պոկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

Վարույթը հարուցվել է պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։

Այս պահին որևէ անձ ձերբակալված չէ։

Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ կոմունալ ծառայության աշխատակիցները առավոտյան տառերը հայտնաբերել են աղբամանի մեջ։

«Կոմունալ ծառայության աշխատակիցները տառերն առավոտյան հայտնաբերել են աղբամանում։ Գրությունները պոկելու հետևանքով քարերի վրա մեծ անցքեր և վնասվածքներ են գոյացել։ Այժմ փորձում են տառերը հաջորդականությամբ դասավորել և ամրացնել իրենց տեղերում»,- հայտնել էին քաղաքապետարանից։

Ներքին գործերի նախարարությունից չէին բացառել, որ տեղի ունեցածը կարող է սադրանքի տարրեր պարունակել։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել էր ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ խորապես վրդովված է Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքով և հավելել, որ ակնկալում է Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական: