12 հունիսի 2026 - 11:56 AMT
Մելոյան. Անհրաժեշտ է վերաքվեարկության որոշում

ԿԸՀ կողմից 2 ընտրատեղամասի արդյունքների անվավեր ճանաչման որոշումը կարող է անդրադառնալ Ազգային ժողովի ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, վերաքվեարկության որոշում է անհրաժեշտ կայացնել, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը:

«10/51 և 35/65 տեղամասային կենտրոնների ընտրության արդյունքների անվավերությունը, ըստ էության, ազդեցություն է ունենալու ԱԺ ընտրությունների ընդհանրական արդյունքների վրա, որովհետև մեկ քաղաքական ուժ, այս դեպքում՝ «Բրագավաճ Հայաստանը» հնարավոր է դրա արդյունքում կորցնի հնարավորությունը հաղթահարելու նվազագույն շեմը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Քանի որ այս որոշումները էական ազդեցություն կարող են ունենալ, Ազգային ժողովի ընտրությունների ընդհանրական արդյուքնների վրա, ըստ Ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքի, անհրաժեշտ է վերաքվեարկության որոշում»,-նշել է նա:

Նա ընդգծել է, որ նման որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել ընտրությունների ընդհանուր արդյունքներն ամփոփելիս և դրա համար ունի համապատասխան լիազորություն։

Մելոյանը նաև հայտնել է, որ այդ հարցը պետք է լինի ընդդիմության օրակարգային առաջնահերթ հարցերից մեկը։

Նա հիշեցրել է, որ ընտրություններից նախորդող օրվա առավոտյան դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ 12/13 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական քվեաթերթիկն ամբողջ օրվա ընթացքում բացակայել է տեղամասից։ Նա նաև նշել է, որ այդ ընտրատեղամասերում պետք է անցկացվի ընտրությունների վերաքվեարկություն։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։

Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորությունը նվազել է։